Armenian

Հայաստանի պարտության պատճառները 2020-ի պատերազմում

Հարցեր, որոնց պատասխանները կօգնեն կանխել ձախողման կրկնությունը

Փաստահավաք առաքելության հրատապությունը

I. Ներածություն

2021 թվականի մայիս – Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն Արցախի վրա ու հայկական կողմի պարտությունը չսասանեցին հայոց պետականությունը, սակայն մեծ տագնապներ են ծնել նրա երկարաժամկետ կենսունակության ու անգամ լինելիության առումով։

Ինչո՞ւ էր պարտությունն այդքան ջախջախիչ, հուսաբեկ և (շատերի համար) անսպասելի: Մենք ապահովագրված չենք լինելու ապագա ձախողումներից քանի դեռ ամբողջապես և խորությամբ չենք պարզել ու յուրացրել այս հարցի պատասխանը և անցյալի մեր ռազմավարական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ժողովրդագրական, տնտեսական և մյուս աղետալի դասերը։

Այս հարցաշար-զեկույցը պատրաստվել է՝ ելնելով պատերազմի պատճառների փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հրատապությունից։ Բարձրացված հարցերն անտեսելը կամ հետաձգելը կնշանակի համակերպվել այն վտանգի հետ, որ կախված է մնալու հայոց պետականության վրա։ Դա նույնքան սխալ կլինի, որքան որ էի՛ն պարտությանը հանգեցրած սխալները։

Փաստահավաք այդ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի խոհեմ, արդար ու պարկեշտ հանրային և պետական գործիչներից ու հետազոտողներից և օժտված լինի քննչական համապատասխան իրավասություններով, այդ թվում՝ պաշտոնական տեղեկատվություն ստանալու, ուսումնասիրություններ իրականացնելու և վկաներին հարցաքննելու լիազորություններով: Այն պետք է ունենա կենսական ու թերևս գոյութենական կարևորության մանդատ՝ բարձրացնելու հարցեր և տալու պատասխաններ այս պարտությանը հանգեցրած կարճաժամկետ ու երկարաժամկետ, ներքին ու արտաքին, ինչպես նաև կառուցվածքային գործոնների ու տարատեսակ ներգործությունների վերաբերյալ։ Հանձնաժողովը, որտեղ և որքանով հնարավոր է, պետք է մշակի առաջարկություններ ապագայում նման աղետալի հետևանքներից խուսափելու համար։

Ժողովուրդները հազվադեպ են դասեր սերտում ռազմական հաղթանակներից, սակայն պարտությունը կարող է արժեքավոր ուսուցիչ լինել, եթե հանրութունն ուժ և իմաստնություն ունի ուղիղ նայելու ճշմարտության աչքերին և դրանից օգուտ քաղելու: Փաստահավաք հանձնաժողովներ ստեղծվել են ԱՄՆ-ում Սեպտեմբերի 11-ից հետո և Ռուանդայում՝ ցեղասպանությունից հետո, որոնք կոչված էին բարձրացնելու հարցեր և պարզելու ճշմարտությունը՝ գտնելով պատասխաններ տեղի ունեցածի խորքային պատճառների վերաբերյալ։ 

Հայերն էլ են ձգտում պարզել ճշմարտությունը։ Այս փաստաթղթում շարադրված են հարցեր, որոնցով կարող է զբաղվել փաստահավաք հանձնաժողովը՝ ճշմարտությունը հասկանալու և փաստերի իրատեսական վերլուծություն կատարելու հնարավորություն տալու համար՝ առանց կանխորոշված մեղադրանքների կամ եզրակացությունների: Եթե նման հանձնաժողով չստեղծվի, ապա հարցերի պատասխանները փորձելու են գտնել հետազոտողները իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում։ Վերջիվերջո, դրսից փրկիչներ չեն գալու։ Խնդիրների որոնումն ու լուծումը պետք է տեղի ունենա երկրի ներսից։

Հեղինակների կողմից 

Հարցաշար-զեկույցի հրապարակման ժամկետը կամ նպատակը որևէ կերպ կողմնակալ կամ մեղադրական չեն։ Մենք հետաձգեցինք հրապարակումը և որոշեցինք դա անել հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի զեկույցը կամ նրանում արծարծված հարցերը շահարկման առարկա չդառնան ընտրարշավի ընթացքում։

Հեղինակներն իրենց ժամանակը հատկացրել են այս բարդ և կանխամտածված գործընթացն սկսելու համար՝ ձևակերպելով էական հարցեր: Թեև նման հանձնաժողովի գաղափարն ու անհրաժեշտությունը մեզ համար ակնհայտ էին դեռ նոյեմբերին, և դրա ստեղծման բազմաթիվ հորդորներ էին եղել, սակայն ժամանակ էր հարկավոր մշակելու այնպիսի հայեցակետեր, որոնց շուրջ հնարավոր կլիներ վարել համակողմանի հետաքննություն։ Խումբն ուսումնասիրությունն իրականացրել է հրապարակային աղբյուրներից (առկա են զեկույցի անգլերեն տարբերակի տողատակերում) և ձևակերպել առանցքային կոնկրետ հարցեր: Սա, այնուամենայնիվ, միայն սկիզբն է, և հարցերն ու գործընթացը դեռ շարունակվելու են։ Մենք խորապես համոզված ենք, որ հարցերի ակնկալվող պատասխանները համարժեք են լինելու իրավիճակի լրջությանն ու հրատապությանը։ Մարտահրավերը, առանց չափազանցության, անկախ պետականությունը պահպանելն է, խնդիր, որ որևէ պարագայում չի կարելի վերածել մեղադրանքների փոխհրաձգության կամ ծառայեցնել կարճաժամկետ խմբային ու քաղաքական շահերի։

II. Հարցեր 1994-ի մայիսից 2020-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ

II.Ա. Ներքին գործոններ

II.Ա.1. Կառուցվածքային

Ներքին կառուցվածքային ի՞նչ գործոններ են ներազդել Հայաստանի մարտունակությանը 1994-ի մայիսից 2020-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ընդհանրապես և հատկապես մարտունակությանը՝ վարելու այնպիսի պատերազմ, որն ի վերջո տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին։ 

  • քաղաքական
  • ռազմական
  • տնտեսական (հետխորհրդային տարիներին Հայաստանում տնտեսական աճը մեծամասամբ ավելի ցածր է եղել, քան Ադրբեջանում)
  • սոցիալ-ժողովրդագրական / աշխատանքային (ցածր ծնելիություն, արտագաղթի մեծ տեմպեր)
  • գիտություն և տեխնոլոգիաներ (հետարդյունաբերական տնտեսական աճը համարժեքորեն չփոխհատուցեց հետխորհրդային ապաարդյունաբերականացման հետևանքները)
  • մշակութային  
    • շովինիզմի մշակույթ
    • մերժողականություն 
    • պատերազմի ելքի չհիմնավորված լավատեսություն 
    • ոչ հասուն ժողովրդավարական և մեդիա հաստատություններ 
  • այլ

II.Ա.2. Կառավարման ժամանակահատվածներ

Այս ենթաբաժնում հարցերից յուրաքանչյուրը դիտարկվելու է առանձին՝ ըստ հետևյալ ժամանակահատվածների․

  • Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահություն (1991-1998),
  • Ռոբերտ Քոչարյանի նախագահություն (1998-2008),
  • Սերժ Սարգսյանի նախագահություն և վարչապետություն (2008-2018),
  • Նիկոլ Փաշինյանի վարչապետություն (2018-ից մինչ այժմ)։

Քաղաքական

1994-ից ի վեր (ա) Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարներից յուրաքանչյուրը, (բ) առանցքային նախարարները, (գ) խորհրդարանական առաջատար խմբակցությունների ղեկավարները և (դ) Սփյուռքի առաջնորդները 

ռազմավարական ի՞նչ որոշումներ, հայտարարություններ (օրինակ՝ ելույթներ, փաստաթղթեր) են ընդունել և կարևոր ի՞նչ քայլեր են արել և ինչպե՞ս, որոնք ձևավորել են Արցախի համար պատերազմ վարելու Հայաստանի կարողությունները։

Հայաստանի՝ իրար հաջորդող ղեկավարները գիտակցե՞լ են արդյոք, որ իրենց և գլխավոր հակառակորդ երկրի հզորությունների միջև խորանում է անջրպետը, և արդյոք համարժեք քայլեր արե՞լ են դա կանխելու համար։ Գործոնների ի՞նչ շարք է հանգեցրել այդ անջրպետի խորացմանը։

Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարները որքանո՞վ են համակարծիք եղել քաղաքական-դիվանագիտական նույն ռազմավարությանը։ Ի՞նչ հարցերում և ե՞րբ են նրանց մոտեցումները տարբեր եղել։ Ի՞նչ ազդեցություն է դա ունեցել ռազմական և դիվանագիտական կարողության վրա։

  • Ինչպե՞ս է «Թավշյա հեղափոխությունը» ազդել հակամարտության հարցում Երևանի և Ստեփանակերտի միջև քաղաքական-դիվանագիտական ռազմավարության շարունակականության ու ներդաշնակության վրա:

Ինչպե՞ս, ե՞րբ և ինչո՞ւ հայկական կողմում փոխվեց Ղարաբաղի շուրջ ադրբեջանական յոթ շրջանների նկատմամբ վերահսկողության նպատակի ընկալումը: Ինչպե՞ս զարգացան քաղաքական մտածողությունն ու հանրային դիսկուրսը։ Ինչպե՞ս դա ազդեց բանակցային գործընթացի և բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման հեռանկարների վրա։

Փաշինյանի անձնական քաղաքական նպատակներն ազդե՞լ են արդյոք հայ-ռուսական բախտորոշ հարաբերությունների վրա: Ինչպե՞ս էր Փաշինյանը ցանկանում քաղաքականապես «չեզոքացնել» իր նախորդներին՝ Սարգսյանին ու Քոչարյանին՝ հընթացս պաշտոնազրկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին՝ արդյունքում ինքն իրեն վանելով Ռուսաստանի առաջնորդից, որը Քոչարյանին համարում էր անձնական ընկեր, և որը ՀԱՊԿ-ի հեղինակությունը սրտին մոտ էր ընդունում։ Փաշինյանն արդյոք կշռադատո՞ւմ էր յուրաքանչյուր նման գործողության հետևանքները։ Ինչպիսի՞ն էր Փաշինյանի և Հայաստանի մնացյալ ղեկավարների ըմբռնումը Ռուսաստանի շահերի, կարմիր գծերի և այս հակամարտության հարցում սահմանափակումների վերաբերյալ:

Ինչպե՞ս էր Հայաստանի ղեկավարությունը գնահատում ռուսական շահերը լայնածավալ հակամարտության բռնկման դեպքում։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներից հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Փաշինյանն արդյոք հանդիպումներ ունեցե՞լ է ղարաբաղյան խնդրի մյուս գլխավոր բանակցորդների՝ նախկին մյուս նախագահների և արտգործնախարարների հետ՝ բանակցությունների մանրամասներին տեղեկանալու համար։ Եթե այո, ապա ո՞ւմ հետ և ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։  

Ռազմաքաղաքական / ռազմական

Ի՞նչ դեր ունեցան դոկտրինները, ինչպիսիք էին զսպման ու ռազմավարական խորքի դոկտրինը, նոր պատերազմի վերաբերյալ ակնհայտ վստահություն/ինքնագոհություն սերմանելու հարցում։

Որո՞նք էին մինչև 2020-ը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անցկացրած ռազմավարական խաղերի, խոշոր զորավարժությունների և ռազմական վարժանքների սցենարները։ Զորավարժություններում արդյոք դիտարկվո՞ւմ էին սցենարներ, որոնք ի վերջո իրականացան, եթե՝ այո, ապա որո՞նք են քաղած դասերը։

Որո՞նք էին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային որոշումներն ու քաղաքականությունը ռազմական պլանավորման, բանակի համալրման, կադրերի վերապատրաստման և սպառազինության գնումների վերաբերյալ: Ովքե՞ր են ընդունել այդ որոշումները, և ինչպիսի՞ն էր ռազմավարական մտածողությունը կամ այդ որոշումների և քաղաքականության հիմքում ընկած դոկտրինը։

Ինչպիսի՞ն էր ռազմավարության մշակման և սպառազինությունների ձեռբքերման միջև ընկած գործընթացը՝ այդ իսկ ռազմավարության իրականացման համար։ Ի՞նչ գործընթացով են որոշումների հանգել՝ ինչ զենք գնել և ումից:

Ովքե՞ր են ներգրավված եղել Հայաստանի կողմից զենքի գնումների գործընթացին և ի՞նչ շահեր են ունեցել: Եղե՞լ են արդյոք հակազդող ուժեր, այդ թվում՝ միջազգային ճնշում, սպասումներ կամ սահմանափակումներ:

Ի՞նչ այլ շահեր են եղել Հայաստանի կողմից զենքի գնումների գործընթացում՝ բացի ռազմական ներուժի մեծացումից: Ի՞նչ խնդիրներ էին կոչված լուծելու զենքի գնումները, բացի Հայաստանի անվտանգության բարձրացումից:

Ո՞ր մարմինն էր պատասխանատու գնումների որակի վերահսկողության և ապահովման համար, հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո:

  • Ինչո՞ւ Հայաստանը չգնեց համակարգեր, որոնք, ըստ ռազմական մի շարք փորձագետների, էական դեր ունեցան 2020-ի պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում (մեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր), կամ համակարգեր, որոնք հայկական զորքերին հնարավորություն կտային ավելի արդյունավետ դիմադրություն ցույց տալ (հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգեր) այդ պատերազմում:
  • Ինչո՞ւ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո փոխանակ ռադիոԷլեկտրոնային պայքարի համակարգեր և անօդաչու թռչող սարքեր գնելու, որ Ադրբեջանն արդյունավետ օգտագործել էր, Հայաստանը նախընտրեց ձեռք բերել թանկարժեք համակարգեր, որոնք ի վերջո չկիրառեց 2020-ի պատերազմում, ինչպիսիք էին հեռավոր, բազմանպատակային «Սու-30» կործանիչները՝ մինչև Անկարա թռչելու կարողությամբ: Ինչո՞ւ էր Հայաստանը Ռուսաստանից գնել հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգերի անվավոր տարբերակները, երբ 2020-ի պատերազմում նրան անհրաժեշտ եղան թրթուրավոր տարբերակները։
  • 2020-ի օգոստոսի 28-ին նախորդ ամսվա տավուշյան մարտերում արիության և մարտադաշտում ցուցաբերած սխրանքների համար զինծառայողների պարգևատրման արարողությանը Փաշինյանը հայտարարեց․ «Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ»։ Այս հայտարարությունն արդյոք ստատուս քվոյի պահպանումից անցում էր դեպի պատերա՞զմ՝ որպես լավագույն այլընտրանք բանակցված համաձայնությանը։ 
    • Չէ՞ր նշանակում արդյոք դա վատագույն սցենարների հավանականության մերժում։

Հայաստանի կառավարությունը պատերազմի ընթացքը փոխելու ունակ սպառազինության ի՞նչ համակարգեր կարող էր իրեն թույլ տալ, որոնք ի վերջո նախընտրեց ձեռք չբերել։ 

  • 2016-ի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը գիտակցե՞լ է արդյոք, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերից շատերը հնացած էին և ինտեգրված չէին միասնական համապարփակ համակարգում: Եթե այո, ապա ինչո՞ւ ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել առնվազն որոշ թերություններ շտկելու համար։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։
  • Կարո՞ղ էր արդյոք Հայաստանն իրեն թույլ տալ ունենալ ժամանակակից ինտեգրված հակաօդային պաշտպանություն, որն ի վիճակի կլիներ դիմակայել անօդաչու թռչող սարքերին: Եթե այո, ապա ինչո՞ւ չի ստեղծվել նման համակարգ։
  • Հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգերի ավելի վաղ և ավելի շատ ներդրումը կօգնե՞ր արդյոք թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դեմն առնելուն:
    • Եթե այո, ապա ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը հակաօդային պաշտպանության կամ ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի կատարյալ համակարգեր ձեռք բերելու փոխարեն նախընտրեց հակաօդային պաշտպանության հին ու գործածված «ՕՍԱ-ԱԿ» համակարգ գնել Հորդանանից։
    • Թե ինչու Հայաստանն ավելի շատ ռազմական օդանավեր չի գնում հարցին հայ որոշ ռազմական փորձագետների մշտական բացատրություններից մեկն այն էր, որ դրա փոխարեն Հայաստանը ներդրումներ է անում հակաօդային պաշտպանության համակարգերում։ Ինչպե՞ս է դա զուգակցվում հակաօդային պաշտպանության մարտավարական համակարգերի ողբալի վիճակի հետ, ինչն ակնհայտ դարձավ պատերազմի ժամանակ։ 

2016-ի ապրիլյան պատերազմից դաս քաղվե՞լ է։ Եթե այո, ապա ի՞նչ դաս:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո կանխարգելիչ ի՞նչ մեխանիզմներ են մշակվել, եթե առհասարակ մշակվել են: Դրանք աշխատե՞լ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց Ռազմարդյունաբերական կոմիտեն՝ պաշտպանության նախարարության ներքո, որն ավելի ուշ դրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայության տակ։ Կոմիտեի ներքո՝ ռազմարդյունաբերության ոլորտի ի՞նչ մշակումներ և արտադրություն է իրականացվել։ Կոմիտեն կարողացե՞լ է արդյոք ստեղծել անօդաչու թռչող սարքեր կամ աջակցել դրանց ստեղծմանը, որոնք հնարավոր պատերազմում կհակակշռեին հակառակորդի նմանատիպ զենքերին։ Եթե չի հաջողել, ապա ինչո՞ւ։ Եթե Կոմիտեն չի հաջողել, ապա արդյոք կառավարությանը և պատասխանատու այլ մարմիններին տեղեկացրե՞լ է իր կարողությունների սահմանափակության մասին, ինչի արդյունքում կդիտարկվեր այդօրինակ սպառազինության ձեռքբերումը արտասահմանյան արտադրողներից։

Ինչո՞ւ են եղել հաղորդակցության բացեր Գլխավոր շտաբի և պետական այն մարմինների միջև, որոնք պատասխանատու էին ոլորտի զարգացման ռազմավարական ուղենիշերին հասնելու համար։ Ո՞ր փուլում են ոլորտի դիտարկումները ցույց տվել, որ առկա արդյունքը բավարար չէ Ադրբեջանի հետ ռազմատեխնոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար:

2019-ի սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվեցին լայնածավալ ռազմավարական զորավարժություններ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պահեստազորի ընդգրկմամբ։ Զորավարժությունների արդյունքում ի՞նչ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ պահեստազորի հավաքագրման, մարտական գործողությունների ծավալման, բանակային տարբեր միավորների գործողությունների համակարգման, կապի, մատակարարման և այլ առումներով։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ։

Ինչպիսի՞ն էր պատերազմին նախորդած տասնամյակում Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի բարոյական վիճակի հետագիծը՝ հաշվի առնելով ոչ մարտական մահերի, ոչ կանոնադրական հարաբերությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդումների քանակը:

Նախապատերազմական տարում Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունն ինչպե՞ս է համեմատվում նախորդ տարիների շփումների հագեցվածության և որակի հետ:

Հայ զինվորական ղեկավարությունը 2020-ի պատերազմին նախորդած տարում իսկապե՞ս կորցրել էր Մոսկվայի հետ շփումը: Եթե այո, ապա ինչո՞ւ և ի՞նչ հետևանքներով։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը ենթարկվե՞լ է արդյոք սպաների զանգվածային ազատումների պատերազմից կես տարի առաջ: Եթե այո, ապա ինչու և ինչ հետևանքներով։

Հետախուզություն / հակահետախուզություն

Որո՞նք էին հետախուզության և հակահետախուզության վերաբերյալ ղեկավարության հիմնական որոշումները և քաղաքականությունը:

Պատերազմին նախորդած տարում Երևանը կամ Մոսկվան սահմանափակե՞լ են արդյոք շփումները ռազմական հետախուզության ոլորտում: Եթե այո, ապա ինչո՞ւ և ի՞նչ հետևանքներով։

Հայաստանի հետախուզական մարմինները, այդ թվում՝ տեխնիկական հետախուզությունը և գործակալական հետախուզությունը, ձախողե՞լ էին արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախապատրաստության մասին տվյալների փոխանցումը, թե՞ քաղաքական ղեկավարությունն էր անտեսել ստացվող հետախուզական տեղեկատվությունը։

  • 2020-ի հուլիսի 27-ին Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե Թուրքիան չի խառնվի Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը: Հաշվի առնելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան առիթը բաց չի թողել խախտելու Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն էր Հայաստանի ղեկավարությանը վստահություն ներշնչում նման հայտարարություն անելու համար:

Պատերազմից առաջ ինչպե՞ս և ի՞նչ նպատակադրումներով էին գործում Հայաստանի հակահետախուզական ծառայությունները ռազմավարական և մարտավարական մակարդակում։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի կեսերին հայտարարեց, որ ինքը քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել էր տարածաշրջանային նոր ռազմաքաղաքական իրադրության, այդ թվում՝ Ադրբեջանի կողմում Թուրքիայի մասնակցության մեծ հավանականության մասին, և նախազգուշացրել, որ հայկական զինված ուժերը չեն կարողանա հաղթահարել այդ սպառնալիքը, ուստի դիվանագիտական և քաղաքական բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նման սցենարից խուսափելուն: Գասպարյանը նաև հայտարարեց, որ այդ նախազգուշացումն արել է 2020-ի հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, ապա ևս մեկ անգամ՝ 2020-ի հունիսի 12-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Անտեսվե՞լ է արդյոք այդ նախազգուշացումը: Եթե չի անտեսվել, ապա ի՞նչ է արվել այդ զարգացումից խուսափելու համար։

Հայաստանի հետախուզական կարողությունը (այդ թվում՝ արբանյակներից և  անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալները) բավարա՞ր էր արդյոք Ադրբեջանի հնարավորություններին հակազդելու համար:

Դիվանագիտություն / արտաքին քաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական-դիվանագիտական հիմնական ի՞նչ ռազմավարություն ուներ Հայաստանը և ի՞նչ միջոցներ էր կիրառում կամ ստեղծում իր նպատակներին հասնելու համար։ Հայաստանի ղեկավարությունն ի՞նչ վերջնարդյունք է ակնկալել Արցախի խնդրում, և 1994-ից ի վեր Հայաստանի չորս ղեկավարների օրոք ինչպե՞ս է ակնկալվող այդ վերջնարդյունքը փոփոխվել։ 

Արտաքին քաղաքականության ասպարեզում ի՞նչ առաջնահերթ ուղղություններ էր հետապնդում Հայաստանի ղեկավարությունը։ Ինչպե՞ս է չկարգավորված հակամարտությունն ազդել այդ առաջնահերթությունների վրա։

Հայաստանն արդյոք կարո՞ղ էր այլընտրանք ունենալ բազմավեկտոր մոտեցմանը կամ կոմպլեմենտարիզմին, որն այլ կերպ հենց այդպես էլ անվանվում էր տարիներ շարունակ։

Հայաստանի արտաքին քաղաքական բազմավեկտոր մոտեցումն արդյոք արդարացրե՞լ է իրեն։

  • Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ի՞նչ ազդեցություն է ունեցել կամ ազդեցություն ունեցե՞լ է նրա մարտունակության վրա ընդհանրապես և մասնավորապես մարտունակությանն այնօրինակ պատերազմում, որ տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին։ Հայաստանը կարո՞ղ էր արդյոք որևէ բան այլ կերպ անել այս դաշինքների ներքո՝ վերջնարդյունքը թեքելու հօգուտ իրեն։ Հայաստանն ունե՞ր արդյոք այլընտրանք այս միություններին, ինչը կարող էր ապահովել իրեն ձեռնտու վերջնարդյունք։
    • Որքանո՞վ էին Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը Ադրբեջանի հարձակումը հետ մղելու հարցում հույսը դրել Ռուսաստանի վրա և ինչո՞ւ։ Հասկանո՞ւմ էին արդյոք նրանք, որ Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունները սահմանափակվում են Հայաստանի տարածքով։
    • Փաշինյանն ակնկալում էր, որ Ամերիկան ու եվրոպական երկրներն ու ինստիտուտներն օգնելո՞ւ են իրեն պաշտպանելու Հայաստանը՝ ժողովրդավարացման գործում իր թիմի հաջողությունների համար:
  • Հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կամ պատերազմին Հայաստանի պատրաստ լինելու առումով ի՞նչ ազդեցություն է ունեցել կամ ազդեցություն ունեցե՞լ է նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդին կամ ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը Աֆղանստանում, ինչպես նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Կամ՝ այդ գործոնները որևէ կերպ նպաստե՞լ են Հայաստանի մարտունակությանը և մասնավորապես այնպիսի պատերազմ վարելուն, որը տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին։ Հայաստանն այս միությունների շրջանակում ի վիճակի՞ էր արդյոք որևէ բան այլ կերպ անել, որ կարող էր վերջնարդյունքը թեքել իր կողմը։ Հայաստանն ունեցե՞լ է արդյոք այս միություններին մասնակցության այլընտրանք, որը կարող էր պատերազմում իրեն ձեռնտու ելք ապահովել։

Ինչպե՞ս և ինչո՞ւ Թուրքիան դարձավ Մինսկի խմբի անդամ:

Հայաստանի ղեկավարությունը և նրա յուրաքանչյուր վարչակազմ ի՞նչ օգուտներ էր ձգտում քաղել Մինսկի խմբի համանախագահներից և արդյոք հաջողե՞լ են նրանք։ Ո՞րն էր Մինսկի խմբի համանախագահությանը բնորոշ կառուցվածքային թերությունը/սահմանափակումը կամ առավելությունը: Որքանո՞վ էր հակամարտության վերաբերյալ Հայաստանի ընդհանուր ռազմավարությունը համահունչ Մինսկի խմբի նկատմամբ և դրա շրջանակում նրա ռազմավարությանը:

Հաշվի առնելով բազմաթիվ հայտարարությունները, որ Մինսկի խմբի համանախագահության նպատակը միջնորդությունն է, այլ ոչ թե լուծում պարտադրելը, փորձե՞լ են արդյոք տարբեր վարչակազմեր այդ մեխանիզմն օգտագործել իրենց սեփական առաջարկությունները ներկայացնելու համար։

Որքանո՞վ են բանակցային գործընթացի բովանդակության մասին տեղեկացվել այլ գերատեսչություններ, մասնավորապես՝ ռազմական և հետախուզական կառույցները՝ յուրաքանչյուր վարչակազմի օրոք։

Այն ժամանակ, երբ կողմերի հասարակական կազմակերպությունների ու անհատների միջև կար երկխոսություն (Track II activity), արդյոք այդ հանդիպումների ու գործընթացների բովանդակությունը կամ եզրակացությունները երբևէ հաշվի առնվե՞լ են պաշտոնական դիվանագիտության (Track I activity) գործընթացում: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ՝ ոչ:

Եթե Փաշինյանը (և նրա այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը) որոշել էին խստացնել Հայաստանի բանակցային դիրքորոշումը՝ առանց զինված ուժերի որակական բարելավման, ինչո՞ւ էին դա անում և ի՞նչ նպատակով։ Արդյոք նրանք միտումնավո՞ր էին անում, թե՞ հանպատրաստից հայտարարություններ էին՝ առանց կշռադատելու և հնարավոր հետևանքները հաշվի առնելու։

  • Նիկոլ Փաշինյանը մտքում ի՞նչ նպատակ ուներ, երբ 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարության որոշումների ընդունման վրա։
  • Փաշինյանը ամեն կերպ պնդում էր, որ բանակցություններ չի վարում «Լավրովի պլանի» պայմանների շուրջ։ Նա և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ տարբերակների շուրջ են բանակցել 2018-2020 թվականներին։
  • Ինչո՞ւ Փաշինյանը փաստացի մերժեց Մադրիդյան փաստաթուղթը, և որո՞նք էին այդ մերժման հետևանքները։
  • Ի՞նչը դարձավ պատճառ, որ հայ հանրությունը մերժեց Մադրիդյան սկզբունքները, որոնք պարունակում էին ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի չորս սկզբունքները՝ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու համար։ 
  • Ե՞րբ/ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը «տարածքներ կարգավիճակի դիմաց» ըմբռնումից անցավ լռելյայն հավանությանը այն քարտեզների, որոնք Ղարաբաղը հավասարեցնում էին շրջակա տարածքներին և Հայաստանին։
  • Ի՞նչ էր մտադիր Փաշինյանը, երբ Սևրի պայմանագրի հարյուրամյակի օրը հայտարարեց, որ պայմանագիրը «պատմական փաստ է, այն մնում է այդպիսին մինչ այսօր»։
  • Փաշինյանը գործո՞ւմ էր արդյոք այնպես, կարծես հայ-ադրբեջանական երկամարտում Հայաստանն է ուժեղ կողմը։ Եթե այո, ապա վաղ 1990-ականների հաղթանակի և 2020-ի հուլիսի տավուշյան մարտավարական հաղթանակի մասին առասպելները դեր ունեցե՞լ են արդյոք Փաշինյանի այդ մտայնության ձևավորման գործում։
  • Ի՞նչ նկատի ուներ Տոնոյանը 2019-ի մարտի 30-ին, երբ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքականությունն այլևս ոչ թե «տարածքներ խաղաղության դիմաց» է, այլ «նոր պատերազմ, նոր տարածքներ»-ի։  
    • Դա անսպասելի ակնա՞րկ էր, թե՞ քաղաքականություն։
    • Հասկանո՞ւմ էր արդյոք Տոնոյանը, որ դա Ադրբեջանի կողմից ձևակերպվելու է որպես Հայաստանի նոր «քաղաքականություն»։
    • Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարության որոշումների ընդունման վրա։
  • Ինչպե՞ս է Մոսկվայի հետ քաղաքական համագործակցությունը պատերազմին նախորդած տարում համեմատվում նախորդ տարիների հետ շփումների հագեցվածության և որակի հետ: 
  • Հայաստանի դիվանագիտության ղեկավարությունը կորցրե՞լ էր արդյոք շփումը Մոսկվայի հետ 2020-ի պատերազմին նախորդած տարում:

Դիվանագիտությունը կարո՞ղ էր արդյոք կանխել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմը։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

Եթե հուսադրություն և վստահություն չլիներ դիվանագիտության նկատմամբ, Հայաստանն արդյոք կսկսե՞ր կանխարգելիչ պատերազմ և արդյոք կգնա՞ր լայնածավալ պատերազմի։

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կոնսենսուս կար «Լավրովի պլանի» (կամ դրա փոփոխված ինչ-որ տարբերակի) շուրջ, ապա ինչո՞ւ Փաշինյանը հրապարակային քննարկումներ չսկսեց Հայաստանում՝ հաշվի առնելով, որ նա Ղարաբաղի հարցում խոստացել էր լիակատար թափանցիկություն։

Եղե՞լ են արդյոք անդրկուլիսյան բանակցություններ, ինչի մասին խոսեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նկատի ունենալով իր պաշտոնավարման ժամանահատվածը: Ի՞նչ շփումներ են եղել դրանք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»։ Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ հաշվի չեն առնվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։  

II.Բ. Արտաքին գործոններ

II.Բ.1. Կառուցվածքային

Որո՞նք են 1994-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերը Հարավային Կովկասում տարածաշրջանային միջավայր ձևավորած կառուցվածքային գործոնները հետևյալ ոլորտներում․

  • քաղաքական 
  • ռազմական
  • գիտության և տեխնոլոգիաների 
  • տնտեսական
  • սոցիալ-ժողովրդագրական
  • մշակութային

Կառուցվածքային այդ գործոնների թվում արդյոք եղե՞լ են աշխարհակարգի փոփոխությունները / մեծ տերությունների միջև վերսկսված մրցակցությունը, ինչին նպաստում էր Արևմուտքի անկումը, Ասիայի վերելքը և Ռուսաստանի լճացումը։

II.Բ.2. Դերակատարություն

Վլադիմիր Պուտինն արդյոք որևէ հավաստիացում տվե՞լ է Հայաստանի ղեկավարությանը, որ Ռուսաստանը հանդես կգա Հայաստանի կողմից և կմիջամտի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմին դրան Թուրքիայի ռազմական մասնակցության դեպքում:

2013-ին Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարը հայտարարել էր, որ իր բազան «կմիջամտի զինված հակամարտությանը, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունը վերականգնելու համար»: Դա արտացոլո՞ւմ էր արդյոք Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը տվյալ հարցում։ Եթե այո, ապա ե՞րբ և ինչո՞ւ է փոխվել այդ դիրքորոշումը։

Ռուսաստանի ղեկավարությունն արդյոք  հետախուզական տվյալներ փոխանցո՞ւմ էր Հայաստանի ղեկավարությանը Անկարայի և Բաքվի կողմից պատերազմի նախապատրաստության վերաբերյալ:

1994-ից մինչև 2020-ի սեպտեմբերը Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործադիր իշխանության ղեկավարներից յուրաքանչյուրի հիմնական որոշումներն ու գործողություններն ինչպե՞ս են ձևավորել տարածաշրջանային միջավայրը:

III Հարցեր 2020-ի սեպտեմբերնոյեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ

III.Ա. Ներքին գործոններ

III.Ա.1. Կառուցվածքային

Կառուցվածքային ի՞նչ գործոնների հանրագումարն է բեկումնային եղել 2020-ի պատերազմում՝ համեմատած Ղարաբաղյան առաջին պատերազմի հետ։

Երբ խոսքը վերաբերում է կառուցվածքային գործոններին, ապա որքանո՞վ է Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը (որը լրատվամիջոցներում ներկայացվում էր որպես տարածաշրջանում վատագույններից մեկը՝ մասամբ պայմանավորված նավթի գների անկմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության կողմից ազգային արժույթի ֆիքսված փոխարժեքի քաղաքականության հետևանքով կրած կորուստներով) նպաստել Արցախի և Հայաստանի վրա հարձակում ձեռնարկելու Բաքվի որոշման վրա:

Ի՞նչ ազդեցություն է ունեցել Թուրքիայի անմիջական մասնակցությունը պատերազմի նախապատրաստմանը և բռնկմանը, ինչպե՞ս է դա ազդել պատերազմի սկզբի, ընթացքի և ելքի վրա, այդ թվում․

  • Թուրքիայի կողմից Սիրիայից հազարավոր գրոհայինների տեղափոխման վրա,
  • Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի տեղակայման վրա,
  • Ադրբեջանին Թուրքիայի հետախուզական աջակցության վրա։

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակողական նախապատրաստությունների քողարկումը ի՞նչ ազդեցություն է ունեցել պատերազմի սկզբի, ընթացքի և ելքի վրա:

  • Հայկական հետախուզությունը չի՞ նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական նախապատրաստությունները, թե՞ այդ մասին չի զեկուցել քաղաքական ղեկավարությանը։ Հայաստանի անվտանգության ծառայությունների՝ ադրբեջանցիների և թուրքերի կողմից հետախուզական տվյալների հավաքագրմանը խոչընդոտելու կարողության բացերը որքանո՞վ են նպաստել պարտությանը։
  • Հայկական զինված ուժերի՝ ադրբեջանցիների և թուրքերի կողմից շահագործվող անօդաչու թռչող սարքերով մարտավարական հետախուզությունը խափանելու կարողության բացերը որքանո՞վ են նպաստել պարտությանը:

Պատերազմի սկզբի, ընթացքի ու ելքի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել անօդաչու թռչող սարքերի վրա հիմնված Ադրբեջանի օդային գերակայությունը և հայկական հակաօդային պաշտպանության ոչնչացումը:

  • Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի թերությունները որքանո՞վ են նպաստել պարտությանը:

Պատերազմի սկզբի, ընթացքի և ելքի վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել գերակայությունը, որն Ադրբեջանն ունեցել է ավելի երկար հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առումով։

Որքանո՞վ են նպաստել պարտությանը Հայաստանի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների թերությունները:

Դասական ռազմական պլանները նախատեսում են պաշտպանության երեք գիծ՝ սկզբնական, հետադարձ և պահուստային։ Հայկական զորքերն արդյոք ունեցե՞լ են պաշտպանական այս երեք գծերը շփման գծի երկայնքով։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ, և ի՞նչ հետևանք է դա ունեցել:

Նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Շուշին ամբողջությամբ դուրս է հայկական վերահսկողությունից։ Դրան հաջորդեց Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ինչո՞ւ վարչապետի խոսնակը հայտարարեց, որ մարտերը շարունակվում են։ Այդ հայտարարությունից հետո լրացուցիչ ուժեր արդյոք ներգրավվե՞լ են այդ հնարավոր մարտերում։ Եթե ներգրավվե՞լ են, ապա որքա՞ն, ինչպե՞ս, և արդյոք դա հանգեցրե՞լ է հավելյալ մարդկային կորուստների։ Ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները ճանապարհ ընկել Ղարաբաղ, երբ դեռ պաշտոնապես չէր հայտարարվել հրադադարի փաստաթղթի մասին։ Դա նշանակո՞ւմ էր, արդյոք, որ Փաշինյանը գիտեր, որ կեսգիշերին ստորագրելու է հրադադարը։

2021-ի հունվարին պաշտպանության պաշտոնաթող նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ անհստակություն կար «պատերազմի պայմաններում վարչապետ – պաշտպանության նախարարություն – Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացում»՝ զորահավաքի, Անվտանգության խորհրդի դերի, Հայաստանի Զինված ուժեր – ՊԲ – Արցախի նախագահ գործառույթների և պաշտոնեական փոխհարաբերություններում և այլ հարցերում։ Որքանո՞վ և ինչպե՞ս են այդ խնդիրները ազդել պատերազմի ժամանակ մարտական գործողությունների կազմակերպման և ընդհանրապես պատերազմի ելքի վրա։

III.Ա.2. Դերակատարություն

Քաղաքական

Պատերազմի ժամանակ հայկական կողմում ո՞վ էր վերջնական որոշում կայացնողը։

Որո՞նք էին Հայաստանի քաղաքական նպատակները պատերազմի ժամանակ։ Դրանք ներառո՞ւմ էին արդյոք հնարավորինս շատ տարածք պահելու հրամայականը՝ ի հեճուկս մյուս բոլոր գործոնների:

Բուն մարտական գործողությունների ժամանակ եղե՞լ են արդյոք ընթացիկ քաղաքական, դիվանագիտական նախաձեռնություններ։ Ռազմական հարձակմանը նախորդող ժամանակահատվածում եղե՞լ են արդյոք քաղաքական կամ դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք կարող էին հարձակման առիթ ծառայել:

Պե՞տք է արդյոք Հայաստանի ղեկավարությունը խաղաղություն հայցեր պատերազմի սկզբում, երբ հոկտեմբերին դիրքերը դեռ հաջողությամբ պաշտպանվում էին։ Եթե այո, ապա ինչո՞ւ դա չարվեց։ Եթե ճիշտ են լուրերն այն մասին, որ Պուտինն իրոք համոզել է Ալիևին դադարեցնել պատերազմը հոկտեմբերի կեսերին, ապա ինչո՞ւ հայկական կողմը ավելի վաղ չի համաձայնել հրադադարին, երբ նման հնարավորություն ուներ։ Մարդկային ու նյութական ի՞նչ կորուստներից հնարավոր կլիներ խուսափել, եթե դա արվեր։

Հայաստանը պե՞տք է արդյոք ճանաչեր Արցախի անկախությունը 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։

Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ի՞նչ նպատակներ էր հետապնդում Փաշինյանը՝ բանակցելով և ստորագրելով 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագիրը:

Ռազմաքաղաքական / ռազմական

Ո՞րն էր Հայաստանի գլխավոր շտաբի ձևակերպած մարտական ռազմավարությունը՝ համեմատ Փաշինյանի ձևակերպած քաղաքական ռազմավարության։ Արդյոք դրանք համադրվե՞լ էին։

Գոյություն ունե՞ր արդյոք միասնական ռազմավարական օպերատիվ պլան, ըստ որի՝ հայկական ռազմական ու ռազմականացված միավորները գործում էին պատերազմի ժամանակ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ և ի՞նչ հետևանքներով։

Պատերազմի ժամանակ հայկական կողմում եղե՞լ է արդյոք միասնական, ընդհանուր և մեկ գործող հրամանատարական շղթա։ Եթե ոչ, ապա եղե՞լ է արդյոք որևէ միասնական մարմին, որը գոնե պատասխանատու էր ռազմական և ռազմականացված կազմավորումների գործողությունների համակարգման և դրանց միջև կապի ապահովման համար։ Եթե չի եղել, ապա ինչո՞ւ՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը տասնամյակներ ուներ պատերազմի նոր շրջափուլին պատրաստվելու համար։

Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքը համարժե՞ք էր արդյոք այն խնդիրներին, որ նա կոչված էր լուծել: Կա՞ր արդյոք կառուցվածքային բարեփոխումների կարիք, օրինակ, բրիգադների և/կամ գումարտակային խմբերի մակարդակում ավելի փոքր, ավելի շարժունակ մարտավարական ստորաբաժանումների անցնելու:

Ինչպե՞ս պատահեց, որ պատերազմի առաջին օրերին զգալի թվով ստորաբաժանումների ղեկավարումը կամ վերահսկողությունը կորավ։ Արդյոք դա կապված էր կառուցվածքային և/կամ տեխնիկական խնդիրների՞ հետ, ինչպիսիք են կապի սարքավորումների բացակայությունը, թե՞ նաև հրամանատարների կոմպետենտության հարց էր:

Փաշինյանի կառավարությունը պատերազմի ժամանակ արդյոք հայտարարե՞լ է համընդհանուր զորահավաք։ Եթե այո, ապա ինչու և ինչպես։ Ճի՞շտ 

է արդյոք, որ զորահավաքը դադարեց երրորդ օրը՝ հրամանից հետո։ Եթե այո, ապա ինչո՞ւ և ի՞նչ արդյունքներով։

Պահեստազորայինները և վետերաններն արդյոք պաշտոնապես զորակոչվե՞լ են, թե՞ կառավարությունն ապավինել է նրանց կամավոր մասնակցությանը:

Համակարգվա՞ծ էին արդյոք հայ կամավորների ուսուցումը, հանդերձավորումը, տեղակայումը և ղեկավարումը։ Եթե այո, ապա որքանո՞վ էին այդ գործողությունները կենտրոնացված, համակարգված, հարմարեցված և, ընդհանուր առմամբ, արդյունավետ։ Ինչո՞ւ կամավորական ստորաբաժանումներին, ինչպես օրինակ երեսուներկու հոգանոց կամավորական ջոկատին, որը Երևանից հայկական բանակի հրամանատարության կարգադրությամբ տեղակայվել էր Հադրութի Մոխրենես, ապա Շուշիի մերձակա Քարինտակ գյուղերում, չեն տրվել ո՛չ մարտական հրամաններ, ո՛չ հաղորդակցման միջոցներ և ո՛չ անգամ տեղանքի քարտեզներ կամ հետախուզական տվյալներ։

Եթե, ինչպես վկայում են բազմաթիվ հաղորդումներ, Փաշինյանն իսկապես սահմանափակել կամ արգելել է Հայաստանի Հանարապետությունից զինված ուժերի հիմնական ստորաբաժանումների տեղափոխումը Արցախ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, որպեսզի օգնեին հակազդելու հարձակողական գործողություններին, ապա ինչո՞ւ է այդպես արվել։

Ինչպե՞ս էին Հայաստանի գործերը պատերազմի տեղեկատվական բաղադրիչի առումով։

  • Ռազմական դրությունն ինչպե՞ս է ազդել պատերազմի մասին տեղեկատվության և համոզմունքների տարածման վրա: Որո՞նք էին նպատակները, և արդյոք դրանք նյութականացե՞լ են։ Եղե՞լ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ։
  • Հայաստանի կառավարության պաշտոնյաների ու խորհրդականների, այդ թվում՝ պաշտպանության նախարարության որոշ խոսնակների կողմից մարտադաշտում տիրող իրավիճակի դրական գնահատումներն արդյոք առաջացրե՞լ էին լավատեսության սին զգացումներ։
    • Ի՞նչ կապ կար լավատեսական գնահատականների և պատերազմի իրական ընթացքի միջև։
    • Նման գնահատականներն արդյոք շարունակվե՞լ են անգամ այն ժամանակ, երբ որոշում կայացնողները գիտեին, որ իրականությունը ճիշտ հակառակն է, և ինչի՞ է դա հանգեցրել։
    • Հանրությունն արդյոք հավատացե՞լ է լավատեսական գնահատականներին: Այդ համոզմունքներն արդյոք սահմանափակե՞լ են ղեկավարների՝ պատերազմին վերջ դնելու հնարավոր գործողությունների շրջանակը:
  • Հանրությանը մարտադաշտում իրականության մասին իրազեկելը կարո՞ղ էր ազդել պատերազմի ելքի վրա։
  • Լավատեսության սերմանումը խոչընդոտե՞լ է արդյոք Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայության ռեսուրսների ու մարդուժի ավելի մեծ հավաքագրմանը պատերազմի ընթացքում։
  • Որքանո՞վ է դա ազդել բուն պատերազմը վարելու վրա։
  • Անիրատեսական և չափազանց լավատեսական գնահատումների տարածումն արդյոք քաղաքականության մա՞ս է եղել։

Եթե, ինչպես պնդում էր Փաշինյանը, հայկական որոշ ստորաբաժանումների զենք չեն տվել՝ չնայած դրա առկայությանը, ապա ո՞վ է դա արել, ինչո՞ւ, և ի՞նչ հետևանքներ են եղել։

Որո՞նք էին Բարդային և Գյանջային հրթիռային հարվածների ռազմական նպատակները և այդ հարվածները հաջո՞ղ էին արդյոք արդյունքի հասնելու տեսանկյունից: Եղե՞լ են արդյոք նաև քաղաքական նպատակներ։

Ի՞նչն է դրդել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սահմանափակելու այն օբյեկտների շրջանակը, որ հայկական ուժերը կարող էին թիրախավորել՝ այն պարագայում, երբ պատերազմի վաղ փուլում անգամ Ադրբեջանն իրեն չէր կաշկանդում բուն Հայաստանի տարածքում հարվածելու օբյեկտների, այդ թվում՝ «Ս-300ՊՍ» ստորաբաժանումներին։ 

Ինչո՞ւ Հայաստանը չթիրախավորեց «Բայրաքթար» դրոնների թռիչքուղիներն ու ավիաբազան, որոնց տեղը հայտնի էր։ Ինչո՞ւ չթիրախավորվեցին նաև էնէրգետիկ տարանցիկ ենթակառույցները։

Հայկական կողմն արդյոք սահմանափակե՞լ է ավելի մեծ և ավելի երկար հեռահարության հրթիռների կիրառումը:

  • Ի՞նչն էր դրդել Փաշինյանին հայտարարելու, որ Ռուսաստանից գնված «Իսկանդեր» հրթիռների ընդամենը 10 տոկոսն է պայթել, պնդում, որ հերքեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ինչո՞ւ Հայաստանը չթիրախավորեց Ադրբեջանի արդյունաբերական ռազմավարական ենթակառույցները, ինչպես օրինակ՝ էներգետիկ օբյեկտները, երբ արդեն դիրքային ահագնացած կորուստներ ուներ:

Իրանին հարակից հարավային տարածքներում գտնվող հայկական զորքերին արդյոք ետ քաշվելու հրաման տրվե՞լ է։ Եթե այո, ապա ե՞րբ և ո՞վ է տվել հրամանը և ի՞նչ նպատակով։

Ինչո՞ւ էր հայկական զորքերին հրամայվել ետ քաշվել ռազմաճակատի հարավային գծից, այն դեպքում, երբ պաշտպանական գծեր չէին ստեղծվել, ուր նրանք կարող էին նահանջել։ Ինչո՞ւ էր հայկական զորքերին հրամայվել նահանջել Սղնախից, Ավետարանոցից և Քարինտակից՝ ըստ էության ադրբեջանական զորքերի համար ճանապարհ բացելով դեպի Շուշի, այն դեպքում, երբ Կարմիր Շուկայից Ստեփանակերտ և Լաչինից Ստեփանակերտ տանող հիմնական ճանապարհները պաշտպանվում էին՝ չնայած դրանք գրավելու Ադրբեջանի բազմակի փորձերին։

Ինչո՞ւ մարտական գործողությունների ժամանակ ո՛չ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ո՛չ էլ պաշտպանության նախարարը չայցելեցին Արցախ: Ինչո՞ւ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի այցից հետո այլևս չի գնացել Արցախ։

Այս պատերազմը պաշտոնապես կիբեր դրսևորում ունեցե՞լ է, և որո՞նք են եղել Հայաստանի գործողություններն այդ առումով ու ի՞նչ նպատակ են հետապնդել: Հայաստանի ռազմական կամ քաղաքական ղեկավարությունն արդյոք մասնակցե՞լ է հրապարակային կիբերպատերազմի։

Արցախի պաշտպանական ենթակառուցվածքը պատրա՞ստ էր արդյոք լայնածավալ պատերազմի։ Ի՞նչ աստիճանի վրա էր զինված ուժերի պատրաստությունը թուրք-ադրբեջանական հարձակմանը նախորդած շաբաթների ընթացքում։ Կա՞ր արդյոք պաշտպանական լրացուցիչ պահուստային գծերի անհրաժեշտություն, հատկապես Արցախի հարավային թևում:

Թուրք-ադրբեջանական բլիցկրիգը հիմնականում չկարողացավ ջախջախել հայկական ուժերին պատերազմի առաջին օրերին։ Ավելին, նրանք քիչ առաջխաղացում ունեցան հյուսիսային և կենտրոնական ճակատներում։ Որո՞նք էին այդ հաջող պաշտպանության պատճառները և ինչո՞ւ դա հնարավոր չեղավ պահպանել։

Պատերազմի ժամանակ հայկական ո՞ր ստորաբաժանումներն են մարտավարական առավել մեծ հաջողություններ ունեցել և ի՞նչ գործոններ են ընկած եղել այդ հաջողությունների հիմքում:

Հայկական զինուժի ո՞ր ստորաբաժանումներն են առավել հիմնովին ոչնչացվել, և ի՞նչ հանգամանքներ են հանգեցրել դրան։

Հայաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել հազարավոր սպաների և զինվորների, որոնք լքել են դիրքերը: Ո՞րն է այդ դեպքերի ճշգրիտ թիվը և ի՞նչ կարող են ասել մեղադրյալները իրենց պաշտպանության համար: 

Քանի՞ հայ ռազմագերի և պատանդ կա Ադրբեջանում, և ինչո՞ւ է այդ տեղեկատվությունը գաղտնի պահվում: Ինչպե՞ս է կառուցված այդ հարցով բանակցությունների գործընթացը։ Ադրբեջանը ռազմագերիներին ազատ արձակելու համար լրացուցիչ պահանջներ արդյոք առաջ քաշո՞ւմ է։

Հետախուզություն / հակահետախուզություն / ռազմական հետախուզություն

Պատերազմի ժամանակ ռազմավարական և մարտավարական մակարդակով ինչպե՞ս են գործել Հայաստանի հետախուզությունը, այդ թվում՝ տեխնիկական հետախուզությունը և գործակալական հետախուզությունը, ինչպես նաև հակահետախուզական մարմինները, և ի՞նչ նպատակներ են հետապնդել։

Պատերազմի ժամանակ ինչպե՞ս են գործել ռազմական հետախուզության ստորաբաժանումները և ի՞նչ նպատակով: Նրանք ունեցե՞լ են արդյոք պատշաճ հագեցվածություն։

Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի նիստերի մասնակիցներն ինչպե՞ս էին գնահատում ազգային անվտանգության սպառնալիքների փոփոխության դինամիկան: 2020-ի սեպտեմբերի 27-ին իրադարձությունների զարգացման սցենարների ի՞նչ շրջանակ են նրանք քննարկել  կամ առհասարակ քննարկե՞լ են նման բան։

Դիվանագիտություն / արտաքին քաղաքականություն

Ի՞նչ շրջանակներ է օգտագործել Հայաստանը պատերազմը միջազգայնորեն երրորդ կողմերին ներակայացնելու համար և ի՞նչ արդյունքով։

Այնքանով, որքանով բազմաթիվ երկրներում,- հատկապես Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում և Վրաստանում,- արտաքին քաղաքական որոշումները մեծապես կենտրոնացած են և անձնավորված, Հայաստանն այս տարիների ընթացքում արդյոք հաստատե՞լ է անհրաժեշտ անձնական շփումներ և խողովակներ, որոնք կարող էին օգտակար լինել այս ճգնաժամի ժամանակ։

Որո՞նք էին հիմնական թեմատիկ ուղղությունները / նարատիվները։ Ըստ լսարանների՝ որքանո՞վ էին դրանք տարբեր և որքանո՞վ՝ արդյունավետ։ 

Ի՞նչ հարթակների և միջնորդների միջոցով են պատերազմի մասին հայկական նարատիվները տարածվել և որքանո՞վ են դրանք արդյունավետ եղել։

Ի՞նչ դեր է ունեցել Սփյուռքը պատերազմի մասին տեղեկություններ և նարատիվներ տարածելու գործում և որքանո՞վ է արդյունավետ եղել: Սփյուռքի պատգամն արդյոք տարբե՞ր էր Հայաստանի պատգամից:

Պատերազմի ժամանակ կա՞ր արդյոք Հայաստանի դիվանագիտական համակարգի գործողություններն ուղղորդող ռազմավարություն։ Եթե այո, ապա որո՞նք էին այդ ռազմավարության միջոցներն ու նպատակները։

  • Ի՞նչ են արել հայ դիվանագետները, որպեսզի ազդեն Հայաստանի հակառակորդների (Ադրբեջանի և Թուրքիայի), ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի որոշումների վրա, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Վրաստանը: Ընդհանուր առմամբ՝ այդ գործողությունները կարելի է բնութագրել որպես հաջողությո՞ւն, թե՞ ձախողում։
  • Հայ դիվանագետներն արդյոք այս շահագրգիռ կողմերին և ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը հասցնո՞ւմ էին ուղերձը ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինվորականների և ռազմականացված խմբերի՝ Եվրոատլանտյան խորհրդի անդամ երկիր Հայաստանի դեմ մարտերին աննախադեպ ուղղակի մասնակցության մասին, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ նրանց գործած պատերազմական հանցագործությունների մասին, Արցախում մարդասիրական աղետի ծավալների և այլ հարցերի մասին։
    • Կարո՞ղ էր արդյոք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պատճառ լինել նրա մասնակցությունը նվազագույնի հասցնելու համար։
  • Հայաստանն արդյոք սխա՞լ էր հասկանում կամ խեղաթյուրո՞ւմ էր միջազգային կազմակերպությունների մանդատներն ու սահմանափակումները, երբ հայտնում էր նրանցից իր ակնկալիքների մասին։ Պատերազմի ընթացքում արդյոք դա ազդե՞լ է նրա քաղաքականության վրա։
  • 2020-ի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն տարածեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ։ Մեկնաբանությունում, ըստ էության, ասվում էր, որ Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար ռեժիմն այլևս բանակցությունների գործընկեր չէ, և որ Հայաստանը կրկին բանակցությունների մեջ կմտնի այն բանից հետո, երբ Բաքվում ձևավորվի ժողովրդավարական ղեկավարություն։ Ո՞րն էր այդ հայտարարության թիրախային լսարանը։ Ի՞նչ արձագանք էին ակնկալում Ալիևից։

2020-ի նոյեմբերի 10-ի հրադադարի փաստաթուղթն ունի՞ արդյոք գաղտնի կետեր: Եթե այո, ապա պետք չէ՞ արդյոք դրանք գաղտնազերծել՝ հատկապես հաշվի առնելով հաղթող կողմի (կողմերի) հետպատերազմյան վարքագիծը։

Հայաստանն ինչպե՞ս է հետևելու նոյեմբերի 10-ի հրադադարի փաստաթղթից բխող չլուծված բոլոր հարցերին: Հրապարակային կամ ոչ հրապարակային քննարկում եղե՞լ է կամ կա՞ այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ինչպես վերադարձնել կարգավորման գործընթաց։ Ինչպե՞ս են լուծվելու երկարաժամկետ բոլոր հարցերը, առաջին հերթին՝ կարգավիճակի հարցը։

Որքանո՞վ են Հայաստանի իշխանությունները մասնակցում Արցախի հետպատերազմյան իրադարձություններին, թե՞ կա ըմբռնում (ճիշտ կամ սխալ), որ հայկական կողմն այլևս ի զորու չէ դա անել՝ չնայած, որ բազմաթիվ հարցեր մնում են չլուծված։

Մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետ սահմանի սահմանագծմանը։ Այդ գործողություններն արդյոք հիմնվա՞ծ էին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանների քարտեզների վրա: Այդ գործընթացն արդյոք սահմանափակվո՞ւմ է սահմանազատումով, թե՞ տեղի է ունենում նաև դելիմիտացիայի ձևական գործընթաց։ Արդյոք կողմերի միջև որևէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է դելիմիտացիայի ընթացակարգերի վերաբերյալ: Դրանցից որևէ մեկը հրապարակայի՞ն է։ Մասնակցո՞ւմ են արդյոք դրանց միջազգային կառույցները։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ինչո՞ւ է դադարել լինել դիսկուրսի մաս ու պահանջ և ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում։ Փաստը, որ հայ դիվանագետներն ու առաջնորդներն այլևս չեն վկայակոչում ԼՂԻՄ-ը, ԼՂՀ-ն կամ Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կազմավորում, նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը համակերպվել է ամբողջական միավորի կորստին, ինչը թուլացնում է Լեռնային Ղարաբաղին քաղաքական միավորի լեգիտիմություն հաղորդող բուն ԼՂԻՄ-ի տարածքների վերադարձի համար քաղաքական-դիվանագիտական պայքարի հիմքը։

III.Բ. Արտաքին գործոններ

III.Բ.1 Ադրբեջան

Իլհամ Ալիևի նախագահության երկրորդ տասնամյակում ինչ-որ պահի թշնամական հռետորաբանությունն Ադրբեջանում արմատական շրջադարձ ունեցավ։ Եթե մինչ այդ նա խոսում էր «մեր տարածքների վերադարձի» մասին, ապա 2010-ականների սկզբից սկսեց խոսել «Ղարաբաղը և մեր տարածքները վերադարձնելու» մասին։ Այսինքն՝ նրա (և նրա հոր) ընկալումը, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը, հանկարծ փոխվեց։ Այդ պատճառո՞վ է արդյոք փոխվել Ադրբեջանի բանակցային դիրքորոշումը։

Քոչարյանի կառավարման օրոք Մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի հետ գլխավոր հակասությունը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեի, դրա երբ և ինչպես անցկացնելու հարցն էր։ Մնացյալ հարցերը, ըստ երևույթին, համաձայնեցվել էին, այդ թվում՝ յոթ տարածքներից ավելի ուշ փուլում երկուսի վերադարձը։ Ի՞նչ փոխվեց և ինչո՞ւ։

Ինչու Ադրբեջանը որոշեց պատերազմ սանձազերծել 2020-ի աշնանը։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Ադրբեջանը (և Թուրքիան) ռազմական արշավը սկեցին հենց այդ ժամանակ։

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց պատերազմ սկսել 2020-ի աշնանը։

Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանը հաղթել առանց Թուրքիայի։

Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում կանգ առան և ինչո՞ւ դա չարեցին ավելի վաղ։ Կամ՝ ինչո՞ւ նրանք չշարունակեցին հարձակումը դեպի Ղարաբաղի խորքը։

III.Բ.2 Թուրքիա

Ինչո՞ւ Թուրքիան որոշեց մասնակցել պատերազմին 2020-ի աշնանը։

Ի՞նչ օգնություն է ցուցաբերել Թուրքիան Ադրբեջանին։

Թուրքիան ու Ռուսաստանն արդյոք գաղտնի գործարք կնքե՞լ են Ղարաբաղի/Սիրիայի վերաբերյալ։

Թուրքիան ու Ռուսաստանն արդյոք հաղորդակցվե՞լ են նախքան հարձակումը։

Պատերազմի ընթացքում, երբ արդեն ակնհայտ էր Թուրքիայի ներգրավվածությունն ու պատերազմը շարունակելու խրախուսանքը Ադրբեջանին, Հայաստանն արդյոք ուղղակի կամ անուղղակի, պաշտոնական կամ ոչ պաշտոնական խողովակներով փորձե՞լ է հաղորդակցվել Անկարայի հետ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

III.Բ.3 Ռուսաստան

Ինչո՞ւ Ռուսաստանը 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմում հավասար հեռավորություն պահեց Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Հակամարտության վերաբերյալ Մոսկվան ի՞նչ քայլեր նախընտրեց ձեռնարկել կամ չձեռնարկել և ի՞նչ նշանակություն ունեցան դրանք։

Ռուսաստանն արդյոք ակնկալո՞ւմ էր կանխել պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե այո, ապա ինչո՞ւ նա դա չարեց։

Ռուսաստանն արդյոք հույս ունե՞ր կանխելու Թուրքիայի մասնակցությունը պատերազմին։ Եթե այո, ապա ինչո՞ւ նա դա չարեց, կամ ինչո՞ւ ռուսական զսպումը ձախողվեց։

Ինչո՞ւ Ռուսաստանը չօգտագործեց Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու իր հզոր լծակները, որպեսզի ստիպի նրանց ավելի վաղ դադարեցնել ռազմական գործողությունները, և ի՞նչ հետևանք դա ունեցավ։

Ռուսաստանն ի վիճակի՞ էր արդյոք դադարեցնել ռազմական գործողությունները ուզած ժամանակ և ծավալով։

Հայաստանին ռուսական զենքի վաճառքն ու մատակարարումները ծավալներով, պայմաններով ու կարողություններով որքանո՞վ էին համադրելի Ադրբեջանինի հետ և ի՞նչ նշանակություն ունեցան դրանք պատերազմում։ Որքանո՞վ են Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները հակամարտող կողմերին ազդել 2020-ի պատերազմի ընթացքի ու վերջնարդյունքի վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկե՞լ է արդյոք պատերազմը որպես Փաշինյանին թուլացնելու հնարավորություն։

Ի՞նչ արեց և չարեց Ռուսաստանը ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչո՞ւ և ե՞րբ։

Պատերազմն արդյոք Ռուսաստանի ծրագրի մա՞սն էր այսպես կոչված «Լավրովի պլանը» կյանքի կոչելու համար:

Ռուսաստանի մասին ընկալումները պատերազմի պատճառով արդյոք տուժե՞լ են Հայաստանում։ Եթե այո, ապա կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում՝ ինչպե՞ս:

Պատերազմի ժամանակ որքանո՞վ էր Ռուսաստանում ադրբեջանական լոբբին արդյունավետ՝ համեմատ հայկական լոբբիի։

  • Արդյունավետ օգտագործելով տնտեսական գործիքները՝ Ադրբեջանը գերազանցե՞լ է արդյոք Հայաստանին Ռուսաստանում լոբբինգ անելու առումով։
  • Ադրբեջանցի որոշ միլիարդատերերի ձևավորած հարաբերությունները Ռուսաստանի մի շարք առանցքային պաշտոնյաների հետ ազդե՞լ են արդյոք Մոսկվայի դիրքորոշման վրա պատերազմի ընթացքում։

Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը մասնակցել տարածաշրջանից սիրիացի ջիհադիստների հեռացմանը՝ հաշվի առնելով Մոսկվայի խիստ անհանգստությունը այստեղ նրանց ներկայության վերաբերյալ։

Ռուսաստանն արդյոք Թուրքիայի ներգրավումը դիտարկե՞լ է որպես ՆԱՏՕ-ի ներսում բաժանումներ առաջացնելու ավելի երկարաժամկետ ռազմավարության մաս։

Ինչո՞ւ Հայաստանը պատերազմի սկզբում և ընթացքում օգնության խնդրանքով չդիմեց ՀԱՊԿ-ին, անգամ այն պարագայում, երբ Ադրբեջանը թիրախավորում էր օբյեկտներ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Դա ազդե՞լ է արդյոք ընդհանրապես Ռուսաստանի ռազմական, դիվանագիտական ներգրավվածության վրա և պատերազմը դադարեցնելու միջամտության պահի վրա մասնավորապես։ ՀԱՊԿ-ին չդիմելն արդյոք առնչություն ունի՞ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնից հեռացնելուց հետո հայ-ռուսական հարաբերությունների վատացման հետ։

III.Բ.4 Իրան

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել Իրանը, եթե գրավել է, և ինչու:  

Իրանի գործողությունները (կամ անգործությունը) ի՞նչ ազդեցություն են ունեցել 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա:

Իրանի ղեկավարությունն իսկապե՞ս «խորապես մտահոգված էր չճանաչված հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու աշխարհաքաղաքական հետևանքներով, այդ իսկ պատճառով նախընտրում էր ստատուս քվոյի պահպանումը»։ Եթե այո, ապա Իրանն ի՞նչ է արել կամ չի արել ստատուս քվոն պահպանելու համար:

Կարելի՞ է արդյոք Իրանին ներգրավել տարածաշրջանից սիրիացի ջիհադիստների հեռացմանը աջակցելու գործում՝ հաշվի առնելով Թեհրանի ուժեղ ընդդիմությունը նրանց ներկայությանը։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ավելի ակտիվ ներգրավել Իրանին Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժմանը հակազդելու համար՝ հաշվի առնելով Թեհրանի հակազդեցությունն այդ ընդլայնմանը, որը իրանցի որոշ վերլուծաբաններ անվանում են տարածաշրջանում Թուրքիայի նեոօսմանական նկրտումներ։

III.Բ.5 Վրաստան

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել Վրաստանը, եթե գրավել է, և ինչո՞ւ:  

  • Որո՞նք էին շարժառիթները, երբ Վրաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ արգելում է ողջ ռազմական տարանցումը Հայաստան և Ադրբեջան, բայց, ըստ հաղորդումների, թույլատրեց նման տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։
  • Ինչո՞ւ Վրաստանը խոչընդոտեց վրացական միջնորդ բանկերի միջոցով ֆինանսական փոխանցումները Հայաստան:

Ի՞նչ ազդեցություն են ունեցել Վրաստանի գործողությունները (կամ անգործությունը) 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա:

Կարո՞ղ է արդյոք Վրաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ներազդելու իր թուլացած լծակներով, Հայաստանի կողմից ավելի ակտիվ ներգրավվել առավել արդար տարածաշրջանային պայմանավորվածությունների հասնելուն, այդ թվում՝ սահմանազատման, տրանսպորտային միջանցքների և այլ հարցերում։

III.Բ.6 ԱՄՆ

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել ԱՄՆ-ը, եթե գրավել է, և ինչու:  

Ի՞նչ ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի գործողությունները (կամ անգործությունը) 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա։

Ինչո՞ւ ԱՄՆ-ը չօգտագործեց Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու իր հզոր լծակները, որպեսզի ստիպի նրանց վաղ փուլում դադարեցնել ռազմական գործողությունները։

Որքանո՞վ է Ադրբեջանին ռազմական աջակցությունը վերսկսելու ԱՄՆ-ի որոշումը ազդել 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա:

III.Բ.7 ԵՄ

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել ԵՄ-ն, եթե գրավել է, և ինչո՞ւ:  

Ի՞նչ ազդեցություն են ունեցել նրա գործողությունները (կամ անգործությունը) 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա։

ԵՄ-ի մասին ընկալումներն արդյոք փոխվե՞լ են Հայաստանում։

III.Բ.8 ՆԱՏՕ

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել ՆԱՏՕ-ն, եթե գրավել է, և ինչու:  

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդյոք որևէ բան արե՞լ են, որպեսզի թույլ չտան անդամներից մեկին՝ Թուրքիային, անմիջական ռազմական ներգրավվածություն ունենալ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի նախապատրաստմանն ու մասնակցությանը Ադրբեջանի կողմում։

III.Բ.9 Իսրայել

Պատերազմում ո՞ւմ կողմն է գրավել Իսրայելը, եթե գրավել է, և ինչո՞ւ:  

Ի՞նչ ազդեցություն են ունեցել նրա գործողությունները (կամ անգործությունը) 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա։

Որքանո՞վ են Իսրայելի կողմից զենքի մատակարարումներն ազդել 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա: Այդ ազդեցությունն արդյոք սահմանափակվել է միայն սպառազինության մատակարարումներո՞վ, թե՞ նաև ռազմավարությունը ուղղորդելով։ 

Իսրայելի հետ պաշտոնական և կուլիսային որևէ շփումներ եղե՞լ են առաջատար սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու ուղղությամբ, որն Ադրբեջանը հաջողությամբ կիրառել էր 2016-ի ապրիլյան պատերազմում։ Եթե եղել են, ապա ինչպե՞ս։ Եթե չեն եղել, ապա ինչո՞ւ։

III.Բ.10․ Չինաստան

2020-ի հունիսի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ պաշտոնապես միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին` ԱՄՆ Պետքարտուղարության Դավանանքի միջազգային ազատության վարչության գլխավորած 32 գաղափարակից երկրների ցանց, որոնք վերահաստատում են իրենց հանձնառությունը կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդմանը, այդ թվում՝ Չինաստանի Սինցզյան նահանգում: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ որոշումը չին-հայկական հարաբերությունների և երեք ամիս անց Արցախի պատերազմի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման վրա։ Հայաստանն իր ազգային շահերի տեսանկյունից ի՞նչ է շահել այդ քաղաքականությունից։

Ո՞ւմ կողմից էր Չինաստանը պատերազմում, եթե է՛ր, և ինչո՞ւ: 

Ի՞նչ ազդեցություն են ունեցել Չինաստանի գործողությունները (կամ անգործությունը) 2020-ի պատերազմի ընթացքի և ելքի վրա։

Պատերազմից առաջ Հայաստանն արդյոք դիմե՞լ Է Չինաստանին ռազմատեխնիկական աջակցության համար, և ի՞նչ արդյունքներ են եղել:

Այս բաժնում հիշատակված շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի դեպքում Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ կամ ենթադրություններ ուներ, թե ինչպես է այս կամ այն դերակատարը վարվելու լայնածավալ պատերազմի դեպքում, և որքանո՞վ էին այդ ենթադրությունները ճիշտ:

IV. Հղումներ և հրապարակումներ

“Analysis of the Second Artsakh War and its Repercussions,” Minas Kojayan’s interview with Hagop Nazarian., Keghart, Febraury 1, 2021 https://keghart.org/kojayan-nazarian-artsakh-war-ii/

“Armeniya: general obvinil prem’yera Pashinyana v grubykh oshibkakh v voyne v Karabakhe,” BBC, November 19, 2020 https://www.bbc.com/russian/features-55005875

“From Hadrut to Shushi: The Retreat,” Interview with Tigran Varag, founder of Armenian Geographic hikers, Civilnet, February 4, 2021, https://www.civilnet.am/news/2021/02/04/From-Hadrut-to-Shushi-The-Retreat/418365 

“International Religious Freedom or Belief Alliance,” official web site of the U.S. State Department, undated, https://www.state.gov/international-religious-freedom-or-belief-alliance/#:~:text=WHAT%20IS%20THE%20ALLIANCE%3F,to%20the%20Declaration%20of%20Principles

“Katolikos Aram I: Neobkhodimo srochno usilit’ moshch’ Armyanskoy armii i aktivirovat’ propagandistskiye raboty,” Panorama, April 24, 2016.

“LORA at a glance,” CSIS, undated, https://missilethreat.csis.org/missile/lora/

“Online video shows Azerbaijan forces using Israeli-made LORA missile – report,” Ahval, October 2, 2020, https://ahvalnews.com/nagorno-karabakh/online-video-shows-Azerbaijan-forces-using-israeli-made-lora-missile-report

“Pashinyan otvetil na post Simon’yan o neblagodarnoy Armenii,” RBC, July 28, 2020, https://www.rbc.ru/politics/28/07/2020/5f1fde1e9a7947a5443a2706

“Prigozhin schitayet, chto igry Pashinyana s SSHA priveli k voyne v Karabakh,” RIA FAN, September 30, 2020, https://riafan.ru/1316789-prigozhin-schitaet-chto-igry-ssha-s-pashinyanom-priveli-k-voine-v-karabakhe

“Prezident Nagornogo Karabakha rasskazal, gde iskat’ predateley,” Sputnik, November 11, 2020.

“Secretary Michael R. Pompeo at a Press Availability on the Release of the 2019 International Religious Freedom Report,” official web site of the U.S. State Department, June 10, 2020, https://asean.usmission.gov/secretary-michael-r-pompeo-at-a-press-availability-on-the-release-of-the-2019-international-religious-freedom-report/

“The Azerbaijan-Armenia conflict hints at the future of war,” The Economist, October 10, 2020,

“The speeches and messages of the RA Prime Minister,” official web site of the Prime Minister of the Republic of Armenia, August 8, 2020, https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/08/28/Nikol-Pashinyan–message/

“V novoy gosprogramme vooruzheniy budut uchteny itogi voyennykh deystviy v Sirii i Karabakhe,” Voeynno-Promyshlenny Kuryer, December 21, 2020 https://www.vpk-news.ru/news/60043

Artemyev, Maksim, “Pochemu Armeniya ne Izrail,” Nezavisimaya Gazeta, December 24, 2020 https://www.ng.ru/kartblansh/2020-12-24/100_24122020_kartblansh.html

Babayan, Samvel, “We cannot fight with the army (of one of the countries) NATO, with mercenaries, troops fully equipped.” Լուրեր․ Հատուկ թողարկում, November 10, 2020

Baghdasaryan, Edik, “P’lvats karravarman hamakargi partut’yuny,” Hetq, February 12, 2021, https://hetq.am/hy/article/127361

Behravesh, Maysam, and Hamidreza Azizi, “Iran and the Nagorno-Karabakh Conflict: Preserving the Status Quo,” Gulf International Forum, October 16, 2020, https://gulfif.org/iran-and-the-nagorno-karabakh-conflict-preserving-the-status-quo/

Bower, Joseph L. “Business and battles: lessons from defeat.” (1990).

Brans, Hal, “Little war in the Caucasus has big lessons for U.S. and Russia,” Bloomberg, October 11, 2020,

Broers, Laurence, “Armenia’s pathways after the Second Karabakh War, The Analyticon monthly/Civilnet.am, January 31, 2021, https://www.civilnet.am/news/2021/01/31/Armenia%E2%80%99s-pathways-after-the-Second-Karabakh-War/417767

Bryen, Stephen, “The military lessons learned in Nagorno-Karabakh,”Asia Times, November 10, 2020 https://asiatimes.com/2020/11/the-military-lessons-learned-in-nagorno-karabakh/

Chernenko, Elena, “Prinuzhdeniye k konfliktu. Istochniki “Kommersanta” rasskazali, kak Turtsiya gotovila pochvu dlya obostreniya v Nagornom Karabakhe,” Kommersant, November 16, 2020 https://www.kommersant.ru/doc/4537733#id1962785

Cohen, Eliot A. Military misfortunes: The anatomy of failure in war. Simon and Schuster, 2012.

Cordell, Jake, “Has Russia Beaten Boom and Bust?” Moscow Times, March 2, 2011, https://www.themoscowtimes.com/2021/03/02/has-russia-beaten-boom-and-bust-a73126

Cordesman, Anthony H., William D. Sullivan, and George Sullivan. Lessons of the 2006 Israeli-Hezbollah war. Vol. 29, no. 4. CSIS, 2007.

Cornell, Svante E.,” How Did Armenia So Badly Miscalculate Its War with Azerbaijan?” National Interest, November 14, 2020, https://nationalinterest.org/feature/how-did-armenia-so-badly-miscalculate-its-war-azerbaijan-172583

Cutler M., Robert, “Without Russian Aid to Armenia, Azerbaijan Has the Upper Hand in Nagorno-Karabakh, Foreign Policy, October 9, 2020. https://foreignpolicy.com/2020/10/09/russia-aid-armenia-azerbaijan-putin-nagorno-karabakh

De Waal, Thomas, “”A Precarious Peace for Karabakh,” Carnegie Moscow Center, November 11, 2020, https://carnegie.ru/commentary/83202?utm_source=rss&utm_medium=rss

Dixon, Robyn, “Azerbaijan’s drones owned the battlefield in Nagorno-Karabakh — and showed future of warfare,” Washington Post, November 11, 2020, https://www.washingtonpost.com/world/europe/nagorno-karabkah-drones-azerbaijan-aremenia/2020/11/11/441bcbd2-193d-11eb-8bda-814ca56e138b_story.html

Gates, Robert M. Exercise of Power: American Failures, Successes, and a New Path Forward in the Post-Cold War World. Knopf, 2020.

Ghazanchyan, Siranush, “Armenia joins the International Religious Freedom Alliance,” Public Radio of Armenia, June 12, 2020, https://en.armradio.am/2020/06/12/armenia-joins-the-international-religious-freedom-alliance/

Gressel, Gustav “Military lessons from Nagorno-Karabakh: Reason for Europe to worry,” ECFR, November 24, 2020, https://ecfr.eu/article/military-lessons-from-nagorno-karabakh-reason-for-europe-to-worry/

Johnson, Dominic DP, and Dominic Tierney. Failing to win: Perceptions of victory and defeat in international politics. Harvard University Press, 2006.

Kaleji, Vali, “The 2020 Nagorno-Karabakh Conflict From Iran’s Perspective,” Institute For Security Policy/ Center For Strategic Studies, Vienna, 2020, https://www.institutfuersicherheit.at/wp-content/uploads/2020/11/ISP-Working-Paper-Vali-KALEJI-The-2020-Nagorno-Karabakh-Conflict-from-Irans-Perspective.pdf

Kaleji, Vali, “Nagorno-Karabakh: Transformation From an Ethnic-Territorial to Ethnic-Religious Conflict ,” Russia in Global Affairs, October 21, 2020, https://russiancouncil.ru/en/analytics-and-comments/columns/military-and-security/nagorno-karabakh-transformation-from-an-ethnic-territorial-to-ethnic-religious-conflict/

Kaleji, Vali, “Turkey’s new reasons for its unprecedented political and military support for the Republic of Azerbaijan ,” The Institute for Iran-Eurasia Studies, http://iras.ir/iras.iren/doc/article/4087/turkey-s-new-reasons-for-its-unprecedented-political-and-military-support-the-republic-of-azerbaijan

Kasapoglu, Can, “Turkey Transfers Drone Warfare Capacity to Its Ally Azerbaijan,” Jamestown Eurasia Daily Monitor, October 15, 2020, https://jamestown.org/program/turkey-transfers-drone-warfare-capacity-to-its-ally-azerbaijan/

Khong, Yuen Foong. Analogies at War: Korea, Munich, Dien Bien Phu, and the Vietnam Decisions of 1965. Princeton University Press, 2020.

Khramchikhin, Aleksander, “Uroki voyny v Nagornom Karabakhe. Rossii uzhe pora uchit’sya na chuzhikh primerakh,” Voyenno-Promyshlennyy Kur’yer, December 14, 2020 https://www.vpk-news.ru/articles/59956

Khramchikhin, Aleksander, “Glavnyye voyenno-politicheskiye uroki – 2020 Versiya dlya pechati Obsudit’ na forume Pandemiya udarila po demokratii,” Nezavisimoye Voyennoye Obozrenie, December 24, 2020, https://nvo.ng.ru/gpolit/2020-12-24/1_1123_gpolit5.html

Klimov, Maksim, “Karabakhskie uroki dlya Rossiii,” Topwar, November 14, 2020, https://topwar.ru/177055-karabahskie-uroki-dlja-rossii.html

Kofman, Michael, A Look at the Military Lessons of the Nagorno-Karabakh Conflict, Russia Matters, December 14, 2020, https://russiamatters.org/analysis/look-military-lessons-nagorno-karabakh-conflict

Krivosheev, Kirill,“The Politics of Defeat: How Will the Crisis in Armenia End?” Carnegie Moscow Center, March 1, 2021. https://carnegie.ru/commentary/83959?utm_source=rss&utm_medium=rss

Krutikov, Yevgeny, “Pochemu Armeniya terpit porazheniye v Karabakhe,” Vzglyad, October 27, 2020, https://vz.ru/world/2020/10/27/1067238.html

Losh, Jack, “Russian Troops in Nagorno-Karabakh ‘Clearly a Win for Moscow’,Foreuuign Policy, Novem,ber 25, 2020, https://foreignpolicy.com/2020/11/25/russian-troops-nagorno-karabakh-peackeepers-win-moscow-armenia-azerbaijan/

Malyasov, Dylan, “Russian Iskander missile system was completely useless, says Armenian Prime Minister,” Defense Blog, February 24, 2021, https://defence-blog.com/news/army/russian-iskander-missile-system-was-completely-useless-says-armenian-prime-minister.html

Mamedov, Eldar, “How Iran views the Nagorno-Karabakh truce,” Eurasianet, November 13, 2020, https://eurasianet.org/perspectives-how-iran-views-the-nagorno-karabakh-truce

Mazza, Michael, “Defending Taiwan: Lessons from the 2020 Nagorno-Karabakh War” AEI, December 2, 2020, https://www.aei.org/articles/defending-taiwan-lessons-from-the-2020-nagorno-karabakh-war/

McMaster, Herbert R. “On war: Lessons to be learned.” Survival 50, no. 1 (2008): 19-30.

Melvin, Neil, “When the Chips Are Down: Russia’s Stance in the Current Azerbaijan–Armenian Confrontation,” RUSI, October 6, 2020, https://rusi.org/commentary/when-chips-are-down-russias-stance-current-Azerbaijanarmenian-confrontation

Millett, Allan R., and Williamson Murray. “Lessons of war.” The National Interest 14 (1988): 83-95.

Minzarari, Dumitru, “Russia’s Stake in the Nagorno-Karabakh War: Accident or Design?” SWP, November 11, 2020, https://www.swp-berlin.org/en/publication/russias-stake-in-the-nagorno-karabakh-war-accident-or-design/

Mitzer, Stijn, “The Fight For Nagorno-Karabakh: Documenting Losses on The Sides Of Armenia and Azerbaijan,” Oryx, Septemvber 27, 2020, https://www.oryxspioenkop.com/2020/09/the-fight-for-nagorno-karabakh.html

Neustadt, Richard E. Thinking in time: The uses of history for decision makers. Simon and Schuster, 2011.

Nikoghosyan, Hovhannes and Vahram Ter-Matevosyan, “Post–Revolution and War, Armenia Must Find a Geopolitical Balance,” Carnegie Moscow Center, March 9, 2021, https://carnegie.ru/commentary/84031?utm_source=rss&utm_medium=rss

Pikekatlet, Nika, “Pashinyan zayavil, chto obyazan ustanovit’ vsyu pravdu o konflikte v Karabakhe,” Gazeta.ru, December 27, 2020

Preobrazhensky, Ivan, “Is there a peace plan for Karabakh?” Riddle, October 27, 2020 https://www.ridl.io/en/is-there-a-peace-plan-for-karabakh/

Ramm, Alexey, “Elektronnoye «Pole» protiv dronov-ubiyts. Pochemu sredstva REB ne povliyali na konflikt v Nagornom Karabakhe,” Nezavisimoye Voyennoye Obozrenie, December 4, 2020 https://nvo.ng.ru/realty/2020-12-04/1_1120_karabakh.html

Reynolds, Michael A., “Confidence and Catastrophe: Armenia and the Second Nagorno-Karabakh War,” War on the Rocks, January 11, 2011, https://warontherocks.com/2021/01/confidence-and-catastrophe-armenia-and-the-second-nagorno-karabakh-war/

Rubin, Michael, “Three Intelligence Failures from Nagorno-Karabakh Conflict Need Investigating,” National Interest, November 14, 2020, https://nationalinterest.org/blog/buzz/three-intelligence-failures-nagorno-karabakh-conflict-need-investigating-172640

Solovyov, Vladimir, “Armeniya zastryala mezhdu proshlymi i nyneshnim,” Kommersant, March 5, 2021, https://www.kommersant.ru/doc/4713255

Saradzhyan, Simon and co-authors, “Reversing Decline of Armenia’s National Power Versus Azerbaijan and Ensuring Armenia’s Viable Lasting Statehood,” 2016, https://saradzhyan.wordpress.com/2020/11/10/reversing-decline-of-armenias-national-power-versus-azerbaijan-and-ensuring-armenias-viable-lasting-statehood/

Saradzhyan, Simon, “(A) Names Of Jihadist And Other Groups Whose Affiliates Turkey Has Deployed To Fight In Karabakh, (B) Names Of These Affiliates, And (C) Details Of Turkey’s Direct Involvement In The Karabakh War,” saradzhyan.wordpress.com,

October 12, 2020, https://saradzhyan.wordpress.com/2020/10/12/list-of-jihadist-and-other-groups-whose-members-have-been-reported-to-have-been-deploybed-by-turkey-to-fight-in-karabakh/

Saradzhyan, Simon. “Putin’s Nagorno-Karabakh Calculus Can Undermine Russian Clout in FSU.” The Moscow Times, November 19, 2020.

Saradzhyan, Simon. “Time For Russia and Other Great Powers to Move From Words to Actions to End Karabakh War.” The Moscow Times, October 8, 2020.

Saradzhyan, Simon. “Is Stopping the War Between Armenia and Azerbaijan in Russia’s (Vital) Interest?.” Russia in Global Affairs, October 6, 2020.

Scheindlin, Dahlia. “Lessons from Nagorno-Karabakh for Israel and Palestine: Does Unresolved Conflict Destroy Democracy?.” Institute for Regional Foreign Policies (2016), https://mitvim.org.il/wp-content/uploads/Lessons_from_Nagorno-Karabakh_for_Israel__and_Palestine_-_Dr._Dahlia_Scheindlin_-_December_2016.pdf

Schivelbusch, Wolfgang. The culture of defeat: On national trauma, mourning, and recovery. Macmillan, 2003.

Shaikh, Shaan and Wes Rumbaugh, “The Air and Missile War in Nagorno-Karabakh: Lessons for the Future of Strike and Defense,” CSIS, December 8, 2020, https://www.csis.org/analysis/air-and-missile-war-nagorno-karabakh-lessons-future-strike-and-defense

Shwartz, Ivan, “Bezzashchitnaya voyennaya tekhnika na 3 milliarda dollarov,” Nezavisimaya Gazeta, December 6, 2020, https://www.ng.ru/armies/2020-12-06/100_tech06122020.html

Sivkov, Konstantin and Viktor Mukharovsky, Interview, “Uroki karabakhskoy voyny – vzglyad ekspertov,” Sputnik Armenia, December 4, 2020, https://www.youtube.com/watch?v=8pTYgRnniKU

Stronski, Paul, “A Stunted Peace in Nagorno-Karabakh,” Carnegie Endoewmwbt, November 12, 2020, https://carnegieendowment.org/publications/83215?utm_source=rss&utm_medium=rss

Sukhankin Sergei, “The Second Karabakh War: Lessons and Implications for Russia,” Part I, Jamestown Foundation, January 5, 2021, at https://jamestown.org/program/the-second-karabakh-war-lessons-and-implications-for-russia-part-one/

Sukhankin Sergei, “The Second Karabakh War: Lessons and Implications for Russia,” Part II, Jamestown Foundation, January 13, 2021, https://jamestown.org/program/the-second-karabakh-war-lessons-and-implications-for-russia-part-two/

Sunzi, and Samuel B. Griffith. The art of war. New York: Oxford University Press, 1963.

Thompson, Roger R. “The lessons of defeat: Transforming the Qing state after the Boxer war.” Modern Asian Studies 37, no. 4 (2003): 769-773.

Trenin, Dmitry, “Moscow’s New Rules,” Carnegie Moscow Center, November 12, 2020, https://carnegie.ru/commentary/83208?utm_source=rss&utm_medium=rss%22

Trenin, Dimiti, “Russia and Europe: the Current Impasse and the Way Out,” Carnegie Moscow Center, February 18, 2021, https://carnegie.ru/commentary/83905?utm_source=rss&utm_medium=rss

Tsipko, Aleksandr “Mirotvorcheskaya missiya vmesto imperskogo sindroma. Uroki Rossii v Nagornom Karabakhe,” Nezavisimaya Gazeta, December 12, 2020, https://www.ng.ru/ideas/2020-12-09/7_8035_mission.html

Tuchkov, Vladimir, “Nam ne strashen «Bayraktar»”Voyenno-Promyshlennyy Kur’yer, November 24, 2020 https://www.vpk-news.ru/articles/59649

Vorobyov, Aleksandr, “Posle Karabakha. Kto i kakuyu vygodu poluchil ot vspyshki konflikta na Yuzhnom Kavkaze,” Nezavisimaya Gazeta, November 29, 2010, https://www.ng.ru/courier/2020-11-29/11_8026_karabakh.html

Von Clausewitz, Carl. On War. Jazzybee Verlag, 1950.

Watling, Jack, “The Key to Armenia’s Tank Losses: The Sensors, Not the Shooters,” RUSI, October 6, 2020 https://rusi.org/publication/rusi-defence-systems/key-armenia-tank-losses-sensors-not-shooters

Zholobova, Marina, “God Azerbaydzhana v Rossii. Portret Goda Nisanova, cheloveka, umeyushchego druzhit’ i torgovat’,” Proyekt Media, December 16, 2020, https://www.proekt.media/portrait/god-nisanov/

Հեղինակներ (անձնական ներկայացվածությամբ)

Հարությունյան Կարեն, Երևան, Հայաստան

Ղազարյան Սալբի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Մարտիրոսյան Արթուր, Բելմոնթ, Մասաչուսեթս, ԱՄՆ / Երևան, Հայաստան

Ներսիսյան Լեոնիդ, Մոսկվա, Ռուսաստան

Չըթըրեան Վիգէն, Ժնև, Շվեյցարիա              

Պետրոսյան Սյուզաննա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Պողոսյան Բենիամին, Երևան, Հայաստան

Պողոսյան Թևան, Երևան, Հայաստան / Ստեփանակերտ, Արցախ

Սանամյան Էմիլ, Վաշինգտոն, ԱՄՆ

Սարաջյան Սիմոն, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ (առաջատար հեղինակ)

Հարցերի դեպքում դիմեք հետևյալ հասցեով. authors@armeniacommission.org

Երախտիքի խոսք

Հեղինակները երախտագիտություն են հայտնում պրոֆեսոր Սայմոն Փայասլյանին և Մայքլ Քոֆմանին այս նախագծի ավելի վաղ տարբերակների վերաբերյալ օգտակար նկատառումների համար, ինչպես նաև մեկ միջազգային հետազոտողի և մեկ հետազոտողի Հայաստանից, որոնք մեծ ներդրում են ունեցել, բայց նախընտրել են մնալ անանուն:

Հեղինակները շնորհակալություն են հայտնում նաև թարգմանիչներին՝ Կարեն Հարությունյանին (անգլերենից հայերեն) և Անի Անանյանին (անգլերենից ռուսերեն):